Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> Էլեկտրոնային հարթակներ —> Պաշտոնական էլեկտրոնային փոստ

 

Պաշտոնական էլեկտրոնային փոստ (e-citizen.am)

 

Ի՞նչ է պաշտոնական էլեկտրոնային փոստը:

Պաշտոնական էլեկտրոնային փոստը համարվում է հաղորդակցության պաշտոնական միջոց, որը շնորհվում և հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար: ՀՀ օրենսդրության համաձայն անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից  բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ և ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք ևս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարի և «@e-citizen.am» բառերի համակցությունից: Պաշտոնական էլեկտրոնային փոստն ակտիվացված է համարվում նույնականացման քարտի տրամադրման պահից:

Իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է տվյալ իրավաբանական անձի կոդի, պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի իրավաբանական անձի կոդի և «@e-citizen.am» բառերի համակցությունից:

ՀՀ կառավարության 12 նոյեմբերի 2015 թվականի N 1385-Ն որոշման համաձայն՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարիչը ԷԿԵՆԳ ընկերությունն է: 

Ինչպե՞ս օգտվել պաշտոնական էլեկտրոնային փոստից:

Պաշտոնական էլեկտրոնային փոստում ստացված տեղեկությունները և ծանուցագրերը կարդալու համար օգտատերն իր նույնականացման քարտի միջոցով, որպես գրանցված օգտատեր, պետք է մուտք գործի www.e-citizen.am պորտալում տեղակայված իր անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստարկղ:

Պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացվող հաղորդագրությունները հնարավոր է վերահասցեագրել ցանկացած այլ (մինչև 3) էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով: Ընդ որում, կարող է ընտրվել միայն տեղական հեռախոսահամար (+374 կոդով):

Խնդրում ենք հաշվի առնել, որ վերահասցեագրումը նախատեսված է բացառապես օգտատիրոջ հարմարության համար և կատարվում է նրա ռիսկով: Ծանուցումը համարվում է ուղարկված, եթե ուղարկվել է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, անկախ վերահասցեագրման համար ընտրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարին այն ստանալու կամ որևէ պատճառով չստանալու հանգամանքից:

Պաշտոնական էլեկտրոնային փոստից օգտվելիս՝ օգտատերը պետք է հետևի այս ուղեցույցի հրահանգներին՝ պահպանելով դրանում սահմանված բոլոր ցուցումները:

ԷԿԵՆԳ-ը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ուղարկվող հաղորդագրությունների բովանդակության և վերահասցեագրման համար ընտրված էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի ճշգրտության և հասանելիության համար, ինչպես նաև դրանց օգտատերերին էլեկտրոնային տվյալների պատշաճ փոխանցման և արտացոլման համար, և պատասխանատվություն չի կրում դրանց հետևանքով օգտատերերի կրած վնասների համար:

Ինչպե՞ս ուղարկել հաղորդագրություններ պաշտոնական էլեկտրոնային փոստին:

Պաշտոնական էլեկտրոնային փոստին հաղորդագրություններ կարող են ուղարկել միայն ԷԿԵՆԳ-ի հետ պայմանագիր կնքած ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև հետևյալ ցանկում թվարկված իրավաբանական անձինք՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ռեալ ստատիկ IP հասցե:

 

 Ծառայության ձեռքբերման կարգը.

Պաշտոնական էլեկտրոնային փոստի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ քայլերն են՝

 

  • Դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ՝ նամակ ուղարկելով support@ekeng.am էլ. փոստին՝ նշելով կոնտակտային հեռախոսահամար:
  • Ի պատասխան Ձեր նամակի՝ ԷԿԵՆԳ-ը կուղարկի պայմանագրի MS Word տարբերակը:
  • Լրացնել պայմանագիրը և անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ ուղարկել support@ekeng.am էլ. փոստի հասցեով:
  • ԷԿԵՆԳ-ը կուղարկի ստուգված պայմանագիրը, որն անհրաժեշտ է ստորագրել/կնքել և առձեռն կամ փոստային ծառայությամբ ներկայացնել ԷԿԵՆԳ:
  • ԷԿԵՆԳ-ի կողմից վավերացված պայմանագրի Ձեր օրինակը կտրամադրվի 2-3 աշխատանքային օրերի ընթացքում՝ առձեռն կամ փոստային ծառայությամբ: Թեմայի վերաբերյալ մանրամասն տեղակատվությունը շուտով տեղ կգտնի «Հարցեր» բաժնում:

⬅ Վերադառնալ