Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Նորություններ —> Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կիրառելիությունը

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

«ԷԿԵՆԳ»-ի թիմը պատրաստել է համառոտ վերլուծություն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կիրառելիության վերաբերյալ։

Հետևյալ վերլուծության մեջ օգտագործվել են 2020 թվականին e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ այցելությունների տվյալները։ Հարթակ այցելությունների ուսումնասիրությունը կատարվել է մի քանի աղբյուրներից հավաքագրվող տվյալների հիման վրա։ Ուսումնասիրությունների ընթացքում տարանջատվել են հարցում, դիմում, բողոք, այլ գրություն ստացող պետական մարմիններն՝ ըստ ինստիտուցիոնալ կառուցվածքի։

Աղյուսակ 1-ը արտացոլում է 18.07.2020-ից 30.10.2020-ի ընթացքում նախարարությունների՝ հարթակի միջոցով ստացած գրությունների քանակները։  Վերլուծությունները ցույց են տալիս, որ տվյալ ժամանակահատվածում առավել հաճախ e-request.am հարթակի միջոցով գրություններ  ստացած նախարարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է (Աղյուսակ 1):

Հարկ է նշել, որ հարթակի միջոցով «Այլ գրություն» ուղղելու հնարավորությունը ավելացվել է սույն թվականի սեպտեմբերի 17-ին։ Նաև այս իսկ պատճառով կարող է պայմանավորված լինել այդպիսի գրությունների հարաբերական փոքր քանակը։ Նախքան «Այլ գրություն» ուղղելու գործարկումը հարթակի միջոցով հնարավոր էր ուղղել «Դիմում», «Հարցում» կամ «Բողոք»։

Հարթակի միջոցով ստացած նամակների քանակների հետազոտությունն ըստ մարզերի ցույց է տալիս, որ մարզպետարաններից առավել հաճախ e-request.am հարթակը օգտագործվել է Շիրակի մարզպետարան գրություններ ուղարկելու նպատակեվ (Աղյուսակ 2):

Նամակի բնույթից կախված՝ հարթակը ուղղորդում է օգտագործողներին ընտրել նամակի ձևը և համապատասխան դաշտերը լրացնելով՝ այն ուղղել հասցեատիրոջը։

Եթե ունեն հարց, որի լուծումը վերապահված է պետական մարմնին, ապա անհրաժեշտ է ուղարկել դիմում։ «Հարցում» նամակի ձևը օգտագործվում է այն դեպքերում, երբ հարթակից օգտվողները փնտրում են և (կամ) ցանկանում են ստանալ տեղեկություն տեղեկատվությունը տնօրինողից։ «Բողոք» ուղարկվում է այն պարագայում, երբ հարթակից օգտվողները գտնում են, որ պետական մարմնի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իրավունքներ և ազատություններ։ «Այլ գրություն» օգտվողները կարող են ուղարկել այն դեպքում, երբ իրենց նամակի բովանդակությունը չի համապատասխանում վերը ներկայացված երեք ձևերին։

Գծապատկեր 1-ում ներկայացված է նամակների տեսակների կառուցվածքը 18.07.2020-ից 30.10.2020 ընթացքում։

Հավաքագրված տվյալների հիման վրա կատարվել է կանխատեսում՝ վերլուծելով տվյալները որպես ժամանակային շարքեր։ Ստացված տվյալների ծավալը հնարավորություն է տալիս կանխատեսելու հարթակից օգտվելու հետագա դինամիկան։ Կանխատեսման նպատակով օգտագործվել են 18.07.2020-ից 30.10.2020 ժամանակահատվածի տվյալները։

Գծապատկեր 2-ում պատկերված են հարթակի միջոցով ստացված գրությունների ընդհանուր քանակները ու համապատասխան կանխատեսվող քանակները մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Գծապատկերում սև գույնով պատկերված են մինչև հոկտեմբերի 30-ը գրանցված նամակների քանակները, իսկ կապույտ գույնով՝ համապատասխան կանխատեսվող քանակները։ Մոխրագույն միջակայքը ցույց է տալիս կանխատեսման 95% վստահելիության մակարդակը։ Այլ կերպ ասած՝ 95% հավանականությամբ ապագայում գրացվելիք քանակները տատանվելու են մոխրագույնով նշված միջակայքում։ Մուգ երկնագույնը ցույց է տալիս կանխատեսման 80% վստահելիության մակարդակը։ Ուղղահայաց կարմիր գիծը արտացոլում է պատերազմական գործողությունների սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը։ Ուղղահայաց սև գիծը արտացոլում է գրանցված տվյալների ավարտն ու կանխատեսումների սկիզբը։

Նախքան պատերազմի սկիզբը գրանցվել է հարթակի օգտագործման բարձր մակարդակ, ինչը արտացոլված է նաև Գծապատկեր 2-ում։ Պատերազմին նախորդող շաբաթների ընթացքում հարթակի միջոցով օրական ուղարկվել են միջինը 500-900 նամակներ, սակայն պատերազմի սկզբից ի վեր հարթակի միջոցով ուղղված նամակների միջին քանակները նվազել են տատանվելով 150-250 միջակայքում։

Գծապատկեր 2. Հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող գրությունների ընդհանուր քանակները։

Կանխատեսումների[1] համաձայն սպասվում է հարթակի միջոցով ստացվող ընդհանուր գրությունների քանակների աճ։ Գծապատկերներ 3-6 – ում համապատասխանաբար ցույց են տալիս հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող դիմումների, բողոքների, հարցումների և այլ գրությունների քանակները։

Գծապատկեր 3.Հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող դիմումների քանակները։

Գծապատկեր 3-ում պատկերված կանխատեսումների համաձայն սպասվում է հարթակի միջոցով ստացվող դիմումների քանակների աճ։

Գծապատկեր 4. Հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող բողոքների քանակները։

Գծապատկեր 4-ում պատկերված կանխատեսումների համաձայն սպասվում է հարթակի միջոցով ստացվող բողոքների քանակների աճ։

Գծապատկեր 5. Հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող հարցումների քանակները։

Գծապատկեր 5-ում պատկերված կանխատեսումների համաձայն սպասվում է հարթակի միջոցով ստացվող հարցումների քանակների աճ։

Գծապատկեր 6. Հարթակի միջոցով ստացված ու կանխատեսվող այլ գրությունների քանակները։

Գծապատկեր 6-ում պատկերված կանխատեսումների համաձայն հարթակի միջոցով ստացվող այլ գրությունների փոփոխություն չի ստացվում։

Աղյուսակ 3-ում ներկայացված են հարթակի միջոցով ուղարկված ընդհանուր նամակների բաշխվածությունն ըստ մարզերի (դիմումատուների հասցեներից ելնելով), մարզերի բնակչություններն ազգային վիճակագրական ծառայության 2020 թվականի տվյալների համաձայն և նամակների քանակները ամեն 10,000 բնակչության հաշվով։

Գծապատկերներ 7-10-ը արտապատկերում են Աղյուսակ 3-ում ցուցադրված տվյալները՝ ներառելով նաև նամակների քանակի և բնակչության, ինչպես նաև ամեն 10,000 բնակչության հաշվով նամակների քանակի և բնակչության կապերը՝ հիմնված վիճակագրական վերլուծության[2] վրա։

Վերոհիշյալ գծապատկերներում նամակների քանակի և ամեն 10,000 բնակչության հաշվով նամակների քանակի գծային կապը բնակչության հետ պատկերված է սև կետագծերի միջոցով, իսկ երկրորդ աստիճանի բազմանդամային կապը պատկերված է սև գծով։ Նամակների քանակը չափող 2 մեծությունների կապերը բնակչության հետ ցուցադրված են գծապատկերներում՝ մի դեպքում ներառելով նաև Երևանի տվյալները, մյուս դեպքում՝ ոչ։

Այսպիսով՝ գծապատկերները ցույց են տալիս, որ բնակչության աճին զուգընթաց՝ նամակների քանակը աճում է (Տե՛ս Գծապատկերներ 7 և 8)։ Միևնույն ժամանակ՝ ամեն 10,000 բնակչության հաշվով նամակների քանակը ևս աճում է բնակչության աճին զուգընթաց։

 

Գծապատկեր 7. Նամակների քանակներն ըստ մարզերի՝ ներառյալ Երևան։

Գծապատկեր 8. Նամակների քանակներն ըստ մարզերի։

Գծապատկեր 9. Բնակչությամբ կշռված նամակների քանակներն ըստ մարզերի՝ ներառյալ Երևան։

Գծապատկեր 10. Բնակչությամբ կշռված նամակների քանակներն ըստ մարզերի։

 

 

 

 

[1] Տեխնիկական հղումներ։ Կանխատեսումների համար օգտագործվել է Ավտոռեգրեսիվ Ինտեգրված Շարժվող Միջինով մոդելը (ԱԻՇՄՄ) (անգլ.՝Autoregressive Integrated Moving Average (ARIMA) Model)։ ԱԻՇՄՄ մոդելի և սեզոնայնության պարամետրերը ընտրվել են հիմնվելով Ակաիկեի Տեղեկատվության Չափանիշի (ԱՏՉ) (անգլ.՝ Akaike Information Criterion (AIC)) վրա։ 

 

[2] Տեխնիկական հղումներ։ Նամակների քանակի և բնակչության, ինչպես նաև ամեն 10,000 բնակչության հաշվով նամակների քանակի և բնակչության կապերի մոտարկման համար օգտագործվել են գծային ռեգրեսիայի և բազմանդամ ռեգրեսիայի մեթոդները։ 

 

 

⬅ Վերադառնալ