Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Էլեկտրոնային թվային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային փաստաթղթին կցված և թվային ձևով ծածկագրված պայմանանշանների ուրույն հաջորդականություն է: Այն թույլ է տալիս նույնականացնել ստորագրող անձին, ինչպես նաև պաշտպանել  փաստաթուղթը կեղծիքներից:

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության կիրառումը լայնորեն տարածվեց 14.12.2004 թվականին «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի ընդունումից հետո: Իրավական բարեփոխումները նպաստեցին էլեկտրոնային ծառայությունների որակի բարձրացմանը և համակարգի անվտանգության և մատչելիության ապահովմանը:

ԷԿԵՆԳ-ը էլեկտրոնային ստորագրություն տրամադրող միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնն է Հայաստանի Հանրապետությունում: Այն հեշտացնում է պետություն-քաղաքացի համագործակցությունը և թույլ տալիս նույնականացման քարտ ունեցող անձանց կիրառել էլ. ստորագրությունը տարբեր համակարգերում՝ ՀՀ հարկային ծառայություն, Էլ. կադաստրի, Էլ. ռեգիստրի, պաշտոնական հայտարարությունների (Ազդարար), համայնքային կառավարման համակարգերում, «Մալբերի» և այլն: 

 
Ուշադրություն՝
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունիսի 15-ից էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծառայությունների մատուցման համար գործում է նոր խմբագրությամբ հրապարակային պայմանագիր, որն ուժի մեջ մտնելու պահից փոխարինել է նախկինում կնքված պայմանագրերին: Էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծառայությունների մատուցման նոր հրապարակային պայմանագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերը

  • Այցելե՛ք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունք նույնականացման քարտ ձեռք բերելու համար: 
  • Ձեր նույնականացման քարտը պատրաստ կլինի 21 աշխատանքային օրվա ընթացքում: Նույնականացման քարտի հետ մեկտեղ Դուք կստանաք PIN և PUK կոդերով փակ ծրար: Ծրարը և կոդերը պահպանե՛ք անվտանգ տեղում:
  • Քարտ ընթերցող սարքը միացրե՛ք համակարգչին, տեղադրե՛ք Cryptocard Suite Manager ծրագիրը և Ձեր նույնականացման քարտը տեղադրե՛ք ընթերցող սարքի մեջ:
  • Բացե՛ք CryptoCard Monitor ծրագիրը` ակտիվացնելով հաջորդաբար ARMID (AuthPIN), այնուհետ ARMID (SignPIN) հավաստագրերը PUK/PIN կոդերի միջոցով: 
  • Ակտիվացման ժամանակ ուշադիր հավաքե՛ք PUK/PIN կոդերը, քանի որ 3 սխալ մուտքագրումը կարգելափակի քարտը: 
  • Ձեր նույնականացման քարտը բարեհաջող ակտիվացնելուց հետո այցելե՛ք Անձնական էջ Ձեր թվային ստորագրության ծառայությունն ակտիվացնելու համար:
  • Մուտք գործեք համակարգ՝ մուտքագրելով PIN կոդը:
  • Վճարումներ բաժնում ընտրե՛ք վճարման քարտերից որևէ մեկը (Arca, ArcaVirtual, Visa, Master) և կատարե՛ք վճարում: Առցանց վճարումն անմիջապես կհայտնվի Ձեր հաշվի վրա:

  • Դուք կարող եք վճարել նաև բանկային փոխանցման կամ TelCell կամ EasyPay վճարային տերմինալների միջոցով, որը կարող է տևել մինչև 2 աշխատանքային օր:
  • Վճարումն Անձնական Գրասենյակի հաշվեկշռին տեսնելու դեպքում կարող եք ակտիվացնել Ձեր թվային ստորագրությունը՝ հետևելով համակարգի քայլերին:
  • Ձեր թվային ստորագրությունը հաջողությամբ ակտիվացվել է:
  • Գրանցումից հետո սպասել 3-5 ժամ` այլ էլեկտրոնային ծառայություններում կիրառելու համար: Ուշադրություն. էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման վերջին օրերին էլեկտրոնային համակարգերի բարձր ծանրաբեռնվածության պատճառով և տեխնիկական խնդիրների ժամանակ էլեկտրոնային ստորագրությունն այլ էլեկտրոնային ծառայություններում կարող է ակտիվացվել ուշացումով, որն ԷԿԵՆԳ-ի վերահսկողությունից դուրս է: Խնդիրներից խուսափելու համար էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործողություններն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առնվազն 2 աշխատանքային օր առաջ: