Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում

Հայաստանի կառավարությունը 2000-ականներից ի վեր սկսեց իրականացնել առաջին մի քանի նախաձեռնությունները Էլ-կառավարման ոլորտում: Մասնավորապես, պետական բյուջեի և միջազգային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք էլ լավ հիմք հանդիսացան կառավարման համակարգի արդիականացման համար:

Էլեկտրոնային փոխգործունակությունը և հաղորդակցությունը կառավարության և քաղաքացիների միջև արդեն իսկ իրականություն է: Քաղաքացիների, ձեռնարկությունների և կառավարության կապը ապահովելու համար ստեղծվել են մի շարք բարդ և ինտեգրված համակարգեր, որոնք ամփոփ ներկայացված են www.e-gov.am կայքում: Էլ-կառավարման համակարգերի զարգացման գործընթացը Հայաստանում իրականանում է շատ արագ` չնայած էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը բնակչության կողմից դեռևս համընթաց չէ:

Տեխնոլոգիական փոխգործելիության տեսանկյունից բոլոր պետական գործակալությունները միևնույն մակարդակում են` էլ-կառավարման և գործունակության տեսանկյունից: Այս իսկ պատաճառով էլ-կառավարման լիարժեք արդյունավետության և հետագա զարգացման համար, անհրաժեշտություն է ծագել մշակելու գործառնական (back-office) փոխգործունակություն և ապահովել ընդհանուր չափանիշներ՝ բոլոր պետական ծառայությունների համար:

Միասնական տեղեկատվական համակարգ

Նշված խնդիրների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 31 օգոստոսի 2015 թվականի N 1093-Ն որոշմամբ սահմանվել են պետական տեղեկատվական համակարգի ստեղծման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները, այդ թվում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից այդ համակարգերին միանալու համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների հետ կապված հարաբերությունները։

Նշված որոշմամբ պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում՝ համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի գործառույթները վերապահել են ԷԿԵՆԳ ՓԲԸ:

ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ կարգավորվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով այդ մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և ներդրումային ֆոնդերին փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին այդ տվյալների բազաներում առկա տվյալները փոխանցվում են անհատույց, այլ դեպքերում ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, որպես համակարգի օպերատոր, իրավունք ունի սահմանել ծառայության վճար:

Անձնական տվյալների փոխանցման համար ԷԿԵՆԳ ՓԲԸ-ին ներկայացվում է հայտ, որի բավարարումից հետո ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և հայտատուի միջև կնքվում է  համապատասխան պայմանագիր: